ՌԴ նորանշանակ դեսպանն առավելագույնը կանի ՀՀ հետ ռազմավարական գործակցությունը խորացնելու համար

ՌԴ նորանշանակ դեսպանն առավելագույնը կանի ՀՀ հետ ռազմավարական գործակցությունը խորացնելու համար

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը:

ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձան բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---