ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է առաջնագիծ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է առաջնագիծ

PanARMENIAN.Net - Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է առաջնագծի մի շարք ուղղություններ, մասնակցել բանակի հրամանատարության ներգրավմամբ անցկացված դաշտային երթի պլանով նախատեսված միջոցառումներին:

Իրականացված աշխատանքների ընթացքում ճշգրտվել են փոխգործակցության ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, քննարկվել հավանական հակառակորդի հնարավոր գործողություններն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:

Արտակ Դավթյանը բարձր է գնահատել ՊԲ-ի մարտական պատրաստականության արդի մակարդակն ու ռազմատեխնիկական հնարավորությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերը և հավաստիացրել, որ ՀՀ պաշտպանական ոլորտի պատասխանատուները այսուհետ ևս գործուն աջակցություն կցուցաբերեն ՊԲ-ի մարտական ներուժի հետագա կատարելագործման հարցերում:

Շրջայցի ավարտին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի պատասխանատուները հստակեցրել են երկկողմ համագործակցության համատեքստում նախատեսված առաջիկա անելիքները, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել մայիսի 24-ին։ Դավթյանը զբաղեցրել է, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։ Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ջոկատում, այնուհետև՝ Մեղրիում, Կապանում, մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---