Դատարանը կրկին մերժել է Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը կրկին մերժել է Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվցած քրեական գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կմնա ազատության մեջ: Դատարանը մերժել է նրան կալանավորելու երկրորդ միջնորդությունը, որն այս անգամ ներկայացրել էր գործով հսկողություն իրականացնող դատախազը, հայտնում է Aysor.am-ը։

Հունիսի 5-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանիպաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել:

«Առաջին անգամ քննիչի ներկայացրած կալանավորելու միջնորդությունը մերժվեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Սակայն երեկ մենք անակնկալ ձևով դատարանից տեղեկացանք, որ հսկող դատախազը որոշել է նույն միջնորդությամբ հանդես գալ դատարանում։ Մինչև ուշ գիշեր շարունակվեց միջնորդության քննությունը դատարանում և գիշերը դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան հրապարակվեց այն մերժելու որոշումը»,-ասել է Օհանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը:

Դիտարկմանը, թե դատախազը նոր միջնորդությունը ներկայացնելիս կցել է նաև հանցանքին Կարեն Օհանյանի առնչությունը վկայող տեսագրություններ, ինչը նախկին միջնորդությունը ներկայացնելիս չի արել քննիչը՝ փաստաբանը արձագանքել է. «Նոր բան չկար, դրանք ընդամենը այն տեսագրություններն էին, որոնց մասին խոսք էր գնում քննիչի ներկայացրած միջնորդության մեջ, բայց որոնք կցված չէին։ Այս անգամ այդ տեսագրությունները կցված են եղել։ Նաև ավելացել էր ևս մեկ քննչական գործողության արձանագրություն, որն իրավիճակ չէր փոխում։ Դատախազն ասում էր, թե իրավիճակ է փոխում, բայց դատարանը որոշեց, որ իրավիճակ չի փոխվում, և անձին կալանավորելու համար հիմնավոր կասկածը բացակայում է»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով հսկողություն իրականացնող դատախազը Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Ավելի վաղ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Դավիթ Համբարձումյանը և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանը: Ավելի ուշ, դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր և նրանք ազատ էին արձակվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---