8 հունիսի 2018 - 12:38 AMT
Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամի, խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր կներկայացվի

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր կներկայացնեն Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Այդ մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան հեռարձակման մեջ:

Հայկ Կոնջորյանը նշել է, որ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակը ծանր է, ինչն ավելի հրատապ է դարձնում նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

«Նա պետք է ազատության մեջ սպասի իր վճռին և հնարավորություն ունենա կարգավորել իր առողջական խնդիրները»,- ասել է Կոնջորյանը:

Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: