Հայկական IU Networks-ը հաղթել է ԱՊՀ պետական հատվածի ՏՏ ոլորտի խոշորագույն մրցույթում

Հայկական IU Networks-ը հաղթել է ԱՊՀ պետական հատվածի ՏՏ ոլորտի խոշորագույն մրցույթում

PanARMENIAN.Net - Հայկական IU Networks ընկերության առաջարկած ծրագրային լուծումը հաղթող է ճանաչվել Տաջիկիստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթում:

Ընկերության առաջարկած նորարարական ծրագրային լուծման շնորհիվ այս երկրի բոլոր գերատեսչությունները և գործակալությունները կկարողանան տեղեկատվության փոխանակման բոլոր գործառույթներն իրականացնել ստանդարտավորված եղանակով՝ միևնույն պլատֆորմի և պրոտոկոլների կիրառմամբ։

Ծրագրավորմամբ զբաղվող հայկական մոտ 500 ՏՀՏ ընկերությունների մեծ մասը պատվերներն իրականացնում է արտերկրում ստեղծված լուծումների հիման վրա, և այդ տեսանկյունից սեփական ծրագրային լուծումով հանդես գալն արտերկրում իրական ձեռքբերում է հայ ՏՏ մասնագետների համար։

«ՏՀՏ համակարգերի ներդրման և սպասարկման այս մասշտաբի միջազգային մրցույթները բարդ ու երկարատև գործընթացներ են, և հպարտ եմ, որ կարողացանք միջազգային շուկա դուրս բերել մի վերջնական ծրագրային լուծում, որի մտահղացումը, ճարտարապետությունը, ծրագրավորումն ու իրականացումն ամբողջովին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում՝ հայաստանյան մասնագետների կողմից», - ասել է IU Networks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«2008-ին, երբ ստեղծվում էր IU Networks ընկերությունը, հայաստանյան ՏՀՏ շուկան կանգնած էր երկընտրանքի առջև՝ առաջարկելով որակյալ, սակայն ընդամենը ծրագրավորման ծառայություններ, թե՞ անել անհնարինը՝ ստեղծելով ամբողջական ու վերջնական լուծումներ։ Ուղիղ 10 տարի անց IU Networks-ը դարձավ այն ընկերությունը, որը կոտրեց հայկական ՏՀՏ ոլորտի ընկերությունների՝ աութսորսինգային լինելու վերաբերյալ կարծրատիպը», - ասել է IU Networks ընկերության համահիմնադիր, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UITE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ընկերության ստեղծած ծրագրային լուծուման շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կկարողանան «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները, ինչը կհեշտացնի տնտեսվարողների աշխատանքը, թույլ կտա խնայել ժամանակը, ինչպես նաև կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Նմանօրինակ մի ծրագիր IU Networks ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։ Կոնսորցիումը Եվրամիության կողմից հայտարարված տենդերում լավագույնն է ճանաչվել շնորհիվ ԵՄ ստանդարտներին համապատասխանող լուծման։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---