Վահրամաբերդում վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

Վահրամաբերդում վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, վերաբացվել է Հեղնար աղբյուրը: Այդ մասին ասվում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանն աղբյուրի քանդակագործի որդու և Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ գտել, ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր:

Աղբյուրի վերաբացմանը մասնակցել են ֆիլմում ընդգրկված արվեստագետները՝ Հեղնարի դերակատարը, որը Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հակոբ Ազիզյանը (Երանոսի դերկատար) , Լևոն Աթոյանցը (օպերատոր), Ռոբերտ Ամիրխանյանը (կոմպոզիտոր), Սոս Սարգսյանի դուստրը: Նրանց ողջունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Աղբյուրի վերաբացումը ուղեկցվել է խորհրդանշական ծառատունկով: Ծառուղում տնկվել են անվանական ծառեր: Կարեն Սարուխանյանը ևս անվանական ծառ է տնկել և վստահություն հայտնել, որ այս ձեռնարկը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, իսկ ծառատունկը նոր կյանքի ու նոր ձեռնարկների սկիզբը կազդարարի։

Աղբյուրի վայրի որոնողական, վերականգնողական աշխատանքները տևել են 4 ամիս, ուղեկցվել են զարմանալի ու հետաքրքիր պատմություններով ու բացահայտումներով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---