// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊՆ պաշտոնյան 31 մլն դրամ կաշառք է ստացել. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՊՆ պաշտոնյան 31 մլն դրամ կաշառք է ստացել.  2 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ ապրանքների և ծառայությունների ընդունման նպատակով մշտական գործող տեխնիկական հանձնաժողովի կազմում, լիազորված է եղել ստուգել ընդունվող ապրանքի և ծառայությունների համապատասխանությունը ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերով ամրագրված տեխնիկական բնութագրերին և պահանջվող որակական չափանիշներին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ-ի հետ շարունակաբար կնքված պայմանագրերի շրջանակներում 2008թ. աշնանը ներկայացել է ՍՊ ընկերությանը պատկանող արտադրամաս և ընկերության կողմից հետագա տարիներին սպասվող գործունեության ընթացքում «բարեհաճ վերաբերմունքի»՝ հարկ եղած դեպքում ընկերության տնօրենի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել է յուրաքանչյուր տարի կնքվող պայմանագրերի ընդհանուր գումարի 7%-ը՝ դրա փոխարեն ապահովելով ընկերության կողմից հետագա տարիներին կնքվելիք պայմանագրերով մատակարարման ենթակա արտադրանքի՝ առանց խնդիրների ընդունումը:

Համաձայնության գալով՝ ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 դրամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Մ.Խալաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ ընկերության տնօրենին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է