Մասիսի մարզադպրոցի տնօրենը հետախուզվում է Էրեբունու անկարգությունների գործով

Մասիսի մարզադպրոցի տնօրենը հետախուզվում է Էրեբունու անկարգությունների գործով

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների մասնակից Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրենի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում։ 5 անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլի հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անկարգություններին մասնակցություն է ունեցել նաև Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրեն Ա.Հակոբյանը՝ ծնված 1976թ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ հունիսի 13-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը միջնորդություն ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ա.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Հակոբյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հունիսի 14-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, որոնցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, նույն քրգործի շրջանակում ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Մի քանի օր անց նրանց խափանման միջոց կալանքը փոխվել էր: Օրեր անց Մասիսի փոխքաղաքապետը դարձյալ ձերբակալվեր էր նույն քրգործի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---