«Երևան» կոնյակի վերածնունդը` նվեր քաղաքի 2800-ամյակին

«Երևան» կոնյակի վերածնունդը` նվեր քաղաքի 2800-ամյակին

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ Երևանի կոնյակի գործարանն այս տարվա սեպտեմբերին կհամալրի ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն. վերածնունդ կստանա լեգենդար «Երևան» կոնյակը։

Այն 1947-ին ստեղծել է գործարանի տաղանդավոր վարպետ Մարգար Սեդրակյանը։ Կոնյակը համարվում էր գլուխգործոց, անզուգական համահոտային ներդաշնակ համադրություն։ Ի դեպ, հենց «Երևան» կոնյակը հաղթահարեց կարծրատիպը խմիչքի թնդության մասին։ Մինչ այդ համարվում էր, որ կոնյակը չի կարող գերազանցել 50 տոկոսը, իսկ «Երևանը» 57 աստիճան թնդություն ուներ։ Դա համարվում է վերին շեմը, երբ լեզուն դեռևս չի ընդարմացել և ի զորու է զգալ համահոտային առանձնահատկություններն ու նրբությունները։

«Լեգենդար կոնյակի վերականգնման ընթացքում մեր բարդությունը ոչ թե թնդությունը ստանալն էր, այլ համային հատկությունները վերարտադրելը: Համտեսողների խմբի փորձարկումները տևել են կես տարուց ավելի»,- պատմեց Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը: Ստացված արդյունքը նա նկարագրեց որպես «հարուստ սաթագույն ոսկեզօծ անցումներով խմիչք՝ սերուցքային կարամելի, փայտի, լորենու մեղրի, կտրատած թարմ նուշի, սև պղպեղի, մեխակի, սալորաչրի, շաքարած ծիրանի հոտերով ու նրբերանգներով»։ Արտադրության տնօրենը խորհուրդ տվեց «Երևան» կոնյակը համադրել սպիտակ դեղձի հետ, և ոչ մի դեպքում շոկոլադի` ի հակադրում տարածված կարծիքի։

Սակայն Երևանի 2800-ամյակի առթիվ քաղաքին մատուցվող նվերերն այսքանով չեն ավարտվում։ Հունիսի 16-ից «Երևան» կոնյակի թողարկման շրջանակներում ARLOOPA Inc.-ի հետ համատեղ գործարկվող Ararat.Yerevan APP հավելվածը ներբեռնելով հնարավոր է վերակենդանացնել Երևանի մի շարք ճարտարապետական հուշարձաններ։ Նպատակը ակներև ցույց տալն է` ինչպիսի տեսք են ունեցել Երևանի հայտնի շինությունները տարբեր թվականներին` 40-ական, 50-ական, 60-ական և այլն։

Քաղաքի հոբելյանական ծննդյան նվերներն առայժմ եզրափակում է «Երևանի պատմություններ» նախագիծը։ ARARAT լեգենդար Հայկական Կոնյակների և PAN Photo գործակալության համատեղ YEREVAN STORIES նախագիծը 10 առանձին և միևնույն ժամանակ փոխկապակցված լուսանկարների շարք է, որի միջոցով կբացահայտվեն 2800-ամյա քաղաքի նոր եզրերը։ Նախագծի միջոցով ծանոթ և առօրյայում հանդիպող երևույթները կներկայանան այլ` ուրույն դիտանկյունից։

Yerevan Stories շարքը նպատակ ունի հնարավորինս հեռանալ ակնառու երևույթներից և դրանց հետևում փնտրել մարդկային պատմություններ, որոնք հավասարաչափ կհետաքրքրեն թե՛ տեղաբնակներին, թե՛ քաղաքի հյուրերին։ Yerevan Stories հեղինակային ֆոտոնախագծերից յուրաքանչյուրը տվյալ լուսանկարչի հետաքրքրությունների շրջանակում է, նրա անձնական հավակնությունների դրսևորումը։ Հեղինակներից ամեն մեկն ընտրվել է` ելնելով թեմայի նկատմամբ ունեցած զգացմունքներից ու, ինչը շատ կարևոր է, առկա գիտելիքներից։

2800-ամյա քաղաքի մասին խոսելիս բարդ է նոր շունչ փոխանցել, նկատել այն, ինչը որևէ կերպ սպրդել է Երևանը մինչ այժմ անմահացրած շատ ու շատ տաղանդավոր լուսանկարիչների աչքից։ Ֆոտոնախագծերի թեմաներն առաջին հայացքից բազմազան են և ընդգրկում են լայն սպեկտր։

Միևնույն ժամանակ ուշադիր աչքը կֆիքսի այն կարմիր թելը, որով այս պատմություններն անբաժան են, ու նրանցից յուրաքանչյուրի նույնիսկ չնչին դետալը ներքին կապով փոխկապակցված է մյուս բոլորի հետ։ «10 լուսանկարիչ, 10 թեմա և Երևանի անսպասելի համայնապատկեր, աշխատանքները կարելի է տեսնել սոցիալական ցանցերի Yerevan Stories հատուկ էջում»,- ասաց ֆոտոնախագծի համակարգող Վահան Ստեփանյանը։ Նա նշեց նաև, որ եթե նկարները թերթելիս համակի լուսանկարներից որևէ մեկը սենյակում կախելու անհագ ցանկություն, ուրեմն հասել են բուն նպատակին և վարակել «երևանյան հիվանդությամբ»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---