ՀՀԿ․ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիաների հերթական ահազանգ է

ՀՀԿ․ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիաների հերթական ահազանգ է

PanARMENIAN.Net - Հայատանի Հանրապետական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնել կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ու հայտարարել, որ այն տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Կուսակցությունը որակում է տեղի ունեցածը որպես «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ»:

«Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։ Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար», - նշվում է կուսակցության հայտարարությունում:

«Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար», - ասվում է հայտարարությունում։

Մանվել Գրիգորյանը ձերբայալվել է հունիսի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած մի շարք խուզարկություններից հետո՝ զենքի ապօրինի շրջանառության հետ առնչվող ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---