Աշնանը Լիբանանի նախագահը ՀՀ կժամանի

Աշնանը Լիբանանի նախագահը ՀՀ կժամանի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ աշնանը ՀՀ է ժամանելու Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նա բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում:

«Երկու երկրի միջև տնտեսական ոլորտում գործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև ՀՀ երեք ազատ տնտեսական գոտում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար:

Դեսպան Դաղերն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---