Կոնդի առանձնատների սպառած ջրի դիմաց չեն վճարել. 54 մլն պարտք է կուտակվել

Կոնդի առանձնատների սպառած ջրի դիմաց չեն վճարել.  54 մլն  պարտք է կուտակվել

PanARMENIAN.Net - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանձնարարել է վճարել պարտքը:

Նախկինում նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված առանձնատներում բնակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Փաշինյանը կարևորել է, որ ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուրն» ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:

Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ գործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---