«Օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին թմրամիջոց ձեռք բերելու համար մեղադրանք է առաջադրվել

«Օրենքով գող»  Ալեքսանդր Մակարյանին թմրամիջոց ձեռք բերելու համար մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11,19 գրամ քաշով:

Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---