Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ցուցարարին հրազենով վնասելու գործով

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել  ցուցարարին հրազենով վնասելու գործով

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռքբերվել: Նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2018 թվականին ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.։ Պարզվել էր, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքը ստացել է Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիայի։

Դեպքի առթիվ ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), որով հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։

Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

Ավելի վաղ, սույն քրեական գործով պարզվել է նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ,ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը: Նրանց խափանման միջոց կալանքն ավելի ուշ փոխվել էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---