Ցեղասպանության թանգարանի տնօրենը մեղադրել է ԿԳ նախարարին և փոխնախարարին իր առանձնասենյակ ներխուժելու մեջ

Ցեղասպանության թանգարանի տնօրենը մեղադրել է ԿԳ նախարարին և փոխնախարարին իր առանձնասենյակ ներխուժելու մեջ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մեղադրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին թանգարանում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: Այս մասին Դեմոյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, նախարար Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Նրանք, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է», - մասնավորապես գրել է նա:

Նա գրել է նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել է կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իր կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում «իր խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար»:

«Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար», - գրել է նա՝ չմանրամասնելով, թե իր կարգավիճակի վերաբերյալ ԿԳ նախկին նախարարի կայացրած ինչ որոշման մասին է խոսքը:

ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը PanARMENIAN.Net - ին ասաց, որ նախարարությունը օրվա ընթացքում կհրապարակի իր արձագանքը Դեմոյանի գրառման և մեղադրանքների վերաբերյալ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---