«Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ

«Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ բենզինի շուկայում խոշորագույն խաղացողներից մեկի՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր և նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու մեջ։

Քննչական կոմիտեի մամուլւ ծառայության հաղորդմամբ, հարուցված քրգործով պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք մեղադրել են, «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ են մեղադրել ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և այլ անձանց։ Տնօրենից պահանջել են վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նկատի ունենալով, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ