Վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքներին. «Կարևոր էր լսել ձեր տեսակետը»

Վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքներին. «Կարևոր էր լսել ձեր տեսակետը»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը և կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետև ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում: Նաև ուրախ եմ, որ այն հեղափոխությունը, որն իրականացրեցինք, տեղի ունեցավ առանց որևէ բռնության և մի կաթիլ արյան: Ընդհանրապես, երկար ժամանակ Հայաստանում այդ բանավեճը եղել է՝ արդյոք հնարավոր են փոփոխություններ առանց բռնության: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ դրանք հնարավոր են և ուրախ եմ, որ ի վերջո կարողացանք նաև դա ապացուցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավեելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն իր համար բարձրագույն և բացարձակ արժեք է:

Ըստ վարչապետի, գործող կառավարությունը կարևոր է նաև հանրային համերաշխության վերականգնումը և այդ առումով «իրական համերաշխությունն այն է, երբ լսելի են բոլոր կողմերը, լսելի են բոլոր տեսակետները, հաշվի են առնված բոլոր մարդկանց շահերը, հույզերը և զգացմունքները»:

Այս առումով, կարևոր եմ համարում հանդիպումը և շփումը ձեզ հետ»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով դատական գործընթացին՝ Փաշինյանն ընդգծել է, որ որպես վարչապետ հայտարարել է, թե ընդհանրապես դատարանների գործունեությանը որևէ միջամտություն չի լինելու:

«Ինձ համար կարևոր է նաև, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները: Իհարկե, ինքս էլ պրոցեսներին հետևում եմ և իմ քաղաքական դիրքորոշումներն արդեն արտահայտել եմ, որոնք, կարծում եմ, եղել են հավասարակշռված, այսինքն՝ չի եղել մի հայտարարություն, որը հաշվի կառնի քաղաքացիների մի մասի շահերը, իսկ մյուսինը՝ ոչ: Իհարկե, մեր պարտավորությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը: Ինձ համար կարևոր էր լսել ձեր տեսակետները, դիրքորոշումները, որոնք դատավճիռ չեն կարող դառնալ, որովհետև ես դատավճիռ կայացնող չեմ և ոչ էլ կցանկանամ հայտնվել այդպիսի կարգավիճակում, բայց զուտ ընդհանուր պատկերացում ունենալու համար, թե դուք ինչ եք մտածում այս իրավիճակի մասին, շատ կարևոր էր լսել ձեզ: Եթե հետագայում էլ լինի անհրաժեշտություն՝ պատրաստ եմ կրկին հանդիպել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից, քանի որ դրանց պաշտպանության տեղը դատարանն է: Ոստիկանների հարազատները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և բարձրացրած հարցերը լսելու համար:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել էր ՀՀ ոստիկանությանՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկաններին: Գրավման օրերին երեք ոստիկան է զոհվել՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---