Նախարար. «Արարատյան բակալավրիատը» ժամանակավորապես դադարեցվել է

Նախարար. «Արարատյան բակալավրիատը» ժամանակավորապես դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի հետ քննարկվում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք հիմա «Արարատյան բակալավրիատն» իրականացնող հիմնադրամի հետ քննարկման մեջ ենք, ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես՝ այն, որ բովանդակության հետ կապված, ըստ էության, նախարարությունը որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է մեր մտահոգությունը: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Ներկայում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում»,- մանրամասնել է նախարարը։

Նա նշել է, որ ծրագրի շրջանակում ծախսված գումարների վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակվում է:

Անդրադառնալով ընթացիկ սեպտեմբերից որոշ դպրոցներում ծրագրի ներդրմանը՝ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ՝ չենք հասցնելու դա անել: Այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, մեզ համար անընդունելի է։ Ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է, բացի այդ՝ եթե այն նույնիսկ ներդրվեր սեպտեմբերից, պետք է ապրիլին կառավարությունը դրա հետ կապված որոշում կայացրած լիներ, որը չի կայացրել»։

Ավելի վաղ, Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---