Այսուհետ կզորակոչվեն նաև թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող զորակոչիկները

Այսուհետ կզորակոչվեն նաև թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող զորակոչիկները

PanARMENIAN.Net - 2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության նոր տարբերակ՝ ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:

Նրա խոսքով՝ վիճակահանության այս թմբուկն ավելացվել է 2018 թ. ապրիլին կառավարության ընդունած թիվ 404 որոշման համաձայն, հայտնում է Aysor.am-ը:

Ըստ դրա, այսուհետ ԾՀՕԿ տարբերակով ծառայության կզորակոչվեն առողջական հետևյալ խնդիրներն ունեցող զորակոչիկները՝ թերքաշ (նորմայից 2կգ պակաս լինելու դեպքում), գերքաշ (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում), գիշերամիզություն, հեմոգլոբինի որոշակիորեն ցածր կամ բարձր մակարդակ:

Գեներալ-մայորի խոսքով՝ նախիկինում այս զորակոչիկներն ազատվում էին զինծառայությունից, կամ թաքցնում էին իրենց խնդիրներն ու ծառայում էին:

«Օրինակ, եթե նախկինում զորակոչվելու շեմը 45 կգ էր, ապա այս որոշումից հետո 43-45 կգ քաշով երիտասարդները նույնպես կզորակոչվեն՝ ծառայելով Ծառայության օրվա հեշտացված կարգացուցակով», - ասել է Կամո Քոչունցը:

Նա նշել է, որ այս խմբի զինծառայողների համար ստեղծվելու են հատուկ պայմաններ և նրանք ծառայելու են միայն սպասարկման և անցագրային օղակներում.

«Օրինակ՝ նորմայից 2 կգ թերքաշ ունեցողները ծառայության են անցնելու միայն մշտական տեղակայման վայրի անցագրային կետում, ընդ որում խմբի համար զորամասերն ընտրվել են հոսպիտալներին հնարավորինս մոտիկ գտնվելու սկզբունքով: Գիշերամիզություն ունեցողները ծառայելու են հիմնականում հոսպիտալներում, նրանց տրվելու են հատուկ ներքնակներ, կամ զորամասերի ընտրության դեպքում, հաշվի է առնվելու, որպեսզի դրանք ապահովված լինեն սեփական հիգիենան լիովին պահպանելու պայմաններով», - բացատրել է Կամո Քոչունցը:

Նա նշել է, որ Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով այս զորակոչի ընթացքում արդեն զորակոչվել է 5 երիտասարդ և զորակոչի ընթացքում նրանց թիվը կկազմի 70-100:

Կառավարության այս նոր որոշումը տարածվելու է նաև նախկինում վերոնշյալ 4 առողջական խնդիրների հիման վրա զինծառայությունից տարկետում ստացած զորահավաքային տարիքի քաղաքացիների վրա և նրանք ԾՀՕԿ տարբերակով զորակոչվելու են զինված ուժեր:

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018-ի ամառային զորակոչը՝ պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Ընթերցեք նաև.Քոչունց. Զինված ուժերի համալրման խնդիր չկա

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---