Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել ողջ աշխարհից

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: «Այսօր մենք հիշում ենք այդ լուրջ հանցագործության մասին, հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին եւ եւս մեկ անգամ դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործության փաստը»,- հայտարարել է Մարիոս Կարոյանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցել հայ ժողովրդից եւ ողջ աշխարհից: Մարիոս Կարոյանը նաեւ նշել է, որ Կիպրոսը Հունաստանի խորհրդարանի հետ միասին եղել են առաջինների շարքում, ով առաջինը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային հանրությունից պահանջեց դրա ճանաչումը:



«Մենք չենք խնդրում, չենք աղաչում ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք արդարություն ենք պահանջում ժողովրդավարական մարդկությունից, միջազգային հանրությունից, բոլոր ազգերից եւ ժողովուրդներից»,- ընդգծել է նա:



Արարողության ընթացքում Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոկաձոպուլոսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հանդիսանում է պարտք պատմության առաջ: Նրա խոսքերով, շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան` Անկարան պետք է հասկանա, որ եվրաինտեգրման հեռանկարները կախված են Հունաստանի եւ Կիպրոսի հետ նրա հարաբերություններից: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, ով կոչ է արել Անկարային ճանաչել հանցագործության փաստը, որը կատարվել է երկրի նախկին կառավարության կողմից, հաղորդում է Financial Mirror-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---