7 հուլիսի 2018 - 15:14 AMT
Վարչապետը շտապ իր մոտ է կանչել ռազմական տեսուչի տեղակալին՝ Բակո Սահակյանի դեմ ակցիաներին աջակցելու պատճառով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի», - ասել է Արման Եղոյանը՝ ի պատասխան տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին հարցին:

Հուլիսի 7-ին «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունը հայտարարոել է, որ հուլիսի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվելու՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Նրանք նշել են, որ իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։

Արցախում հակակավառական ցույցերը սկսվել են հունիսի 1-ի՝ ուժայինների մասնակցությամբ միջադեպից հետո, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները, ընդհուպ մինչև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: