Փաշինյան. Որևէ մեկը թող չմտածի, որ զանգում, ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել

Փաշինյան. Որևէ մեկը թող չմտածի, որ զանգում, ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն: Այդ մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումներին:

«Մարդկանց թվում է, թե կառավարությունում մենք ասում ենք` «ահա, այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու»: Այդպես չէ: Եղել է քաղաքացի, որը եկել, դիմում է գրել ինձ, որ «ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են», ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հետո ասում են` «վա՜յ, բռնեցին` ազատ արձակեցին»: Դա պետք է էլ ավելի վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է: Կոնկրետ երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել և երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել կամ հետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը չի ասում` ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել: «Օրենքն է ասում` ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել»,-հավելել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ստուգումները հասնեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարան՝ Փաշինյանն արձագանքել է. «Եթե ցանկացած հետքաննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը, օպերատիվ տվյալներն ու ընթացակարգերը: Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդի Հայկ Սարգսյանը հուլիսի 4-ին գրեթե ողջ օրն իրենց տանն Ազգային անվտանգության ծառայության գործողությունից հետո հեռացել են ԱԱԾ աշխատակիցների հետ: Ավելի ուշ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Հուլիսի 4-ին գլխավոր դատախազությունն, իր հերթին, հայտնել էր 2007 թվականին Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կրակոցներով միջադեպի վերաբերյալ կարճված քրգործի վերաբացման մասին․ որոշումը բացատրվում էր նոր հանգամանքների ի հայտ գալով։ Տուժողն այն ժամանակ հայտարարել էր, որ հրազենային վիրավորում էր ստացել պատահաբար՝ երրորդ անձի կողմից, մանկապարտեզի տարածքում գտած ատրճանակից։

Ընթերցեք նաև. Սարյանի նկարներ, զենք ու թմրանյութ․ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---