ԿԲ. Swissquote Bank-ը չի կարող ՀՀ-ում բանկային կամ ֆինանսական այլ գործունեություն ծավալել

ԿԲ. Swissquote Bank-ը չի կարող ՀՀ-ում բանկային կամ ֆինանսական այլ գործունեություն ծավալել

PanARMENIAN.Net - Swissquote Bank-ը Հայաստանում բանկային կամ որևէ այլ ֆինանսական գործունեություն ծավալելու իրավունք չունի: Այդ մասին ասվում է ՀՀ կենտրոնական բանկի հայտարարության մեջ՝ օրերս Հայաստանում իր ծառայությունների տրամադրումը սկսած Swissquote Bank-ի մասին, որը ՀՀ-ում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով:

FTH ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հայաստանաբնակ հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում և բարձր եկամուտներ ստանալ:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով: Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է, որ Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք:

«Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևե ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

Կենտրոնական բանկը հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---