ԵԱՏՄ ապրանք արտահանողները 600 մլն դրամի հարկ են թաքցրել. Քրգործ է հարուցվել

ԵԱՏՄ ապրանք արտահանողները 600 մլն դրամի հարկ են թաքցրել. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից 600 մլն դրամի հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Քննության արդյունքում պարզվել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից՝ տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով:

Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը եղել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները: Պարզվել է նաև, որ Կարլեն Մկրտչյանը ձևավորված մեխանիզմներով՝ այսպես կոչված «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման» ՍՊԸ-ի, այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից կատարվել են պետությանը պատճառված վնասի նոր հաշվարկներ: Դրանց արդյունքում հաշվարկվել են «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ» և «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների կողմից ծավալված գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի չափերը, որոնք կազմել են մոտ 600 մլն դրամ:

Նախաքննությամբ ձեռնարկվում և իրականացվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---