Սամվել Բաբայանն Արցախում գրասենյակ կունենա, բայց քաղգործընթացներում իրեն չի տեսնում

Սամվել Բաբայանն Արցախում գրասենյակ կունենա, բայց քաղգործընթացներում իրեն չի տեսնում

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը Ստեփանակերտումէ: Հուլիսի 10-ին, նա ծաղիկներ է դրել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես է եկել ելույթով, հայտնում է Արցախպրեսը:

Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ: «Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,- ասել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը: Իսկ գերակա հանդիսացող պաշտպանության ոլորտը էլ ավելի կատարելագործելու համար Բաբայանը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատելու:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները՝ նշելով, որ այդ մասին հասարակությունը կիմանա շուտով: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:

Հունիսի 15-ին Սամվել Բաբայանն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Ավելի վաղ Վճռաբեկ դատարան է ներկայացվել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանայնի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---