Շարմազանովը՝ Լեհաստանում. Արցախի ժողովրդի անկախության պայքարը դատապարտված է հաղթանակի

Շարմազանովը՝ Լեհաստանում. Արցախի ժողովրդի անկախության պայքարը դատապարտված է հաղթանակի

PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Վարշավայում Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սևերինսկու հետ հանդիպման ժամանակ:

Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ «Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»:

Կողմերը կարևորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերն առավել խորացնելու գործում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017-ին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձևեր ընդունելու համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայերը դարեր շարունակ ապրել և արարել են Լեհաստանում, ներգրավված են եղել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարևոր ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:

Հանդիպմանը ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---