Բերդավան գյուղի բնակիչը գերեվարվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից

Բերդավան գյուղի բնակիչը  գերեվարվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հուլիսի 15-ի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձ է կանխվել։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմից կան կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։

«ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակը։

ՀՀ ոստիկանությունը նույնպես հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:

«Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր քստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---