«Բուրգեր քինգում» պայթյունի պատճառը հայտնի է. Մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարանի» արտադրամասի պետին

«Բուրգեր քինգում»  պայթյունի պատճառը հայտնի է.  Մեղադրանք է  առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարանի»  արտադրամասի պետին

PanARMENIAN.Net - Երևանում գործող «Բուրգեր քինգ» սննդի կետումապրիլի 2-ի տեղի ունեցած պայթյունի պատճառը պարզվել է. անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9 քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետում հարուցվել էր քրեական գործ՝ նշանակվել դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ. դրանց եզրակացության համաձայն՝ պայթյունի պատճառ է ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի՝ դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումն է, որի հետևանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը:

Քննությամբ պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրված Ռուսաստանի Դաշնությունում ՝ 2012 թվականին, և համապատասխանել է ԳՕՍՏ 8050-85 միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի նպատակային օգտագործման համար:

«Բուրգեր քինգ» արագ սննդի կետում գործունեություն ծավալող «Բուրգեր Արմ» ՓԲ ընկերությանը գարեջրատեսակների և ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊ ընկերությունը, որի կողմից էլ առաքվել է նշված գլանանոթը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականություններից է եղել հրահանգավորել և ուսուցանել նույն ընկերության գարեջրի լցման սարքերի տեղադրող-մեխանիկին՝ աշխատանքի անվտանգության կազմակերպման կանոնների վերաբերյալ, սակայն չի ուսուցանել, չի տեղեկացրել բարձր ճնշման տակ գտնվող գազի գլանանոթների սպասարկման պայմանները, և տեղադրող-մեխանիկը, առանց անվտանգության տեխնիկայի քննություն հանձնելու և չունենալով սահմանված կարգով և ձևի վկայական, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում իրականացրել է գարեջրի լցման գլանանոթի սպասարկման, մասնավորապես՝ ածխաթթու գազի գլանանոթի փոխարինման աշխատանքը, որը կատարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ ճնշման տակ գտնվող գլանանոթը տեղադրել է սխալ՝ պառկեցված վիճակում, վատ օդափոխվող տեղում և սառեցնող սարքավորման հետնամասում տեղադրված աշխատանքի ժամանակ տաքացող գալարախողովակաշարին մոտ, չի ամրացրել գլանանոթը, որի հետևանքով 2018թ.-ի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նշված գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, որն էլ նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ բերելով գլանանոթի մեջ ճնշման բարձրացման և որպես հետևանք՝ հանգեցնելով պայթյունի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---