Գյումրին պարի միջազգային կենտրոն կունենա. Շինարարությունը կմեկնարկի 2019-ին

Գյումրին պարի միջազգային կենտրոն կունենա. Շինարարությունը կմեկնարկի 2019-ին

PanARMENIAN.Net - Գյումրու ավերիչ երկրաշարժից 30 տարի անց «Բալետ 2021» հիմնադրամը նախաձեռնում է նոր ծրագիր, որպեսզի խթանի քաղաքի վերակենդանացումը՝ կերպարանափոխելով այն պարի միջազգային կենտրոնի:

«Բալետ 2021» հիմնադրամը Գյումրու սրտում կհիմնի «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն», որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019-ին, իսկ բացումը տեղի կունենա 2021-ին: «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն, Գյումրի» ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում ԵՄ դրամաշնորհի միջոցով։

Որպես կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ այն հանդես կգա պարի նոր և միջառարկայական մոտեցմամբ և կդառնա բարձր մշակույթի կենտրոն: Ներկայացումների դահլիճը, «Հումանիտար գիտությունների և շարժման» հետազոտական կենտրոնը, պարի ակադեմիան և խորեոգրաֆների ծրագրերը կենտրոնի բազմաթիվ կողմերից մի քանիսն են, որոնք ողջ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից կգրավեն այցելուների և մասնակիցների:

Նախագծի հիմքում Ռուդոլֆ Խառատյանի աշխարհով մեկ հայտնի փիլիսոփայությունն է և պարի ուսուցման մեթոդը, որը մեկնաբանում է պարը երեք մակարդակներով՝ ֆիզիկական, մտավոր և զգայական: Նախագծի առանցքում բալետի և հայկական ինքնության արմատների խորը ուսումնասիրությունն է՝ պարզելու համար ինչպես են դրանք փոխազդում: Գյումրու հարուստ պատմությունը, որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, կատարյալ համապատասխանում է նոր ստեղծագործական միջավայրի ձևավորմանը, ինչին օժանդակելու է Խառատյանի կենտրոնը:

Նոր շենքը կկառուցվի երկաթուղային կայարանի հարևանությամբ` նախկին մշակութային կենտրոնի վայրում: 30 տարի անց ինչ-որ կերպ դեռևս կանգուն են մնացել շինության քարե պատերը, որոնք ոգեշնչել են կանադաբնակ հայ ճարտարապետ Ազադ Շիշմանյանին կյանքի կոչել ճարտարապետական իր մտահղացումները՝ մեկտեղելու հինն ու նորը:

«Ճարտարապետական նախագծի հանդեպ մոտեցումները ձևավորել ենք երեք հարթության վրա։ Առաջինը կատարողական արվեստի կենտրոնի արդյունավետ գործառնական մակարդակ ձևավորելն է։ Երկրորդը, դրանից զատ, շինության ավելի լայն դերակատարությունը քաղաքի զարգացման ենթատեքստում դիտարկելն է։ Նախագծի նպատակն Է վերականգնել քաղաքի հենց այն հատվածը, որը մոռացության է մատնված և կարող է խարիսխ դառնալ, որը կգրավի մարդկանց քաղաքի առօրյա մշակութային կյանքում։ Երրորդ մոտեցումը, որը պակաս կարևոր չէ, շինության խորհրդանշական բովանդակությունն է. այն պետք է ոգեշնչման աղբյուր դառնա»,-մանրամասնում է Ազադ Շիշմանյանը: Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ ճարտարապետը պետք է իրականացնի սույն հավակնոտ նախագիծը, որը նա գնահատում է՝ իբրև Գյումրու տնտեսության և հեղինակության բարձրացման կարևոր խթան:

Ի վերջո, «Խառատյանի փորձարարական արվեստի կենտրոնը» նպատակ ունի Հայաստանը և Գյումրին աշխարհի քարտեզի վրա դնել որպես փորձարարական և հոգևոր արվեստի յուրահատուկ նշանակակետ՝ հայ մշակույթը լայնորեն տարածելու և նրա հանդեպ ինտելեկտուալ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

«Բալետ 2021»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում բալետի զարգացմանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---