Մարուքյան. Եթե ԵԼՔ-ը միասնական թեկնածուով չմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին, «Լուսավոր Հայաստանն» առանձին կգնա

Մարուքյան. Եթե ԵԼՔ-ը միասնական թեկնածուով չմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին, «Լուսավոր Հայաստանն» առանձին կգնա

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքն առաջիկա երկու շաբաթների ընթացքում որոշում կկայացնի՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես կգա մեկ միասնական թեկնածուով, թե դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կառաջադրի առանձին թեկնածու: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է միասնական թեկնածու առաջադրելու գաղափարին։

«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը։ Մինչ այդ, բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Մարուքյանը միաժամանակ շեշտել է՝ եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չկայացվի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին:

«Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,- նշել է խորհրդարանականը՝ հավելելով, որ կոնկրետ իրենց կուսակցությունում հնարավոր թեկնածուների հարց չի քննարկվել:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք միասնական թեկնածուով հանդես գալը կախված է «Քաղաքացիական պայմանագրից», Էդմոն Մարուքյանն ասել է. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ խմբակցության ղեկավարի հարց դեռևս չի քննարկվել, այդ հարցը ժամանակավորապես հետ է մղվել։

Երևանի նոր քաղաքապետի ընտրության հարցով գումարված ավագանու արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին ներկայացել էր ավագանու 5 անդամ: ԵԼՔ ու ՀՀԿ խմբակցությունները հայտարարել էին նիստին չմասնակցելու մասին։ Քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էր։

Գործող օրենսդրության համաձայն, եթե նիստից հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը. այդ որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---