ԱԳ նախարարը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

ԱԳ նախարարը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնայնին Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Բրյուսելում կայացած ճանաչողական բնույթի հանդիպման արդյունքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։

ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար հուլիսի 14-18-ը ԱՄՆ (Նյու Յորք), ինչպես նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն, որը գլխավորում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս պատվիրակության կազմում է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---