Երևանում առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը. Կժամանեն Մարտիրոսյանը, Վոլյան և այլոք

Երևանում առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը. Կժամանեն Մարտիրոսյանը, Վոլյան և այլոք

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանը կվերածվի նաև հումորի մայրաքաղաքի. այստեղ առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։

Երևանի 2800-ամյակի տոնախմբության օրերին ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սոռոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը, USB խումբը:

Միջոցառման գլխավոր իրադարձությունը Մարտիրոսյանի վերադարձն է։ Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, վերջին կես տարում հայազգի արտիստի անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ կբարձրանա և Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հանդիսատեսի հետ։

«2018-ին Երևանը նշում է իր 2800-ամյակը։ Այն անհավանական քաղաք է՝ բաց ոգով և հարուստ պատմությամբ, և մենք ուրախ ենք, որ մեծ տոնի մասնիկ կդառնանք։ Comedy Club փառատոնը լայն աշխարհագրություն ունի, սակայն սա առաջին անգամն է, երբ մենք նոր թողարկումներ կնկարահանենք Երևանում՝ ռուսական «THT» ալիքի համար։ Ավանդույթի համաձայն, շատ աստղեր կլինեն, այնպես որ դուք էլ եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- ասում է Մարտիրոսյանը:

«Հայաստանը մեզ համար միշտ հարազատ է եղել, և վաղուց էինք ուզում այնտեղ ելույթ ունենալ։ Սակայն չենք մոռանում, որ դա մի ուրիշ երկիր է՝ իր ուրույն մտածելակերպով։ Այդ իսկ պատճառով փառատոնը մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է։ Էլ ի՞նչ հետաքրքիր բան կլինի։ Կպատրաստենք հատուկ ծրագիր և ելույթ կունենանք առավելագույն կազմով, այսպես ասած, ոսկյա, արծաթե կազմով։ Անվանեք, ինչպես կուզեք»,- նշում է Վոլյան:

Comedy Club-ը փառատոնի հյուրերի համար նաև երևանյան բացառիկ ուղեցույց է կազմել:

«Դիմում եմ բոլոր ուտող-խմողներին․ գնացեք Շառլ Ազնավուրի հրապարակ, այնտեղից, արդեն ավելի դանդաղ, ուղևորվեք դեպի Պռոշյան և Պարոնյան փողոցներ։ Տեղում հիանալի խորոված կգտնեք։ «Խորոված» բառը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի ազգանուն չէ, դա իսկական հայկական ուտեստ է։ Անպայման կտեսնվենք։ Ես հաստատ այդ կողմերում եմ լինելու»,- ասում է Գարիկ Խառլամովը:

Սերգեյ Գորելիկովի խոսքով՝ կան բաներ, որոնք Երևանում անելը պարտադիր է. «Բարձրանալ Կասկադի գագաթը, որտեղից բացվում է Արարատ լեռան հիանալի տեսարան, այնուհետև իջնել Հրազդան գետի կիրճ, իսկ երբ ուժերը և հեռախոսի մարտկոցը սպառվեն, այցելել մեկ ուրիշ «Արարատ»․ ամեն օր չէ, որ կարող ես սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են իսկական հայկական կոնյակ պատրաստում»։

Մարինա Կրավեցն իր հերթին խորհուրդ է տալիս անպայման այցելել Վերնիսաժ:

«Կարևոր չէ, թե ինչով ես ուզում լցնել ճամպրուկներդ՝ նռով վզնոցով, Արարատ լեռան պատկերով մագնիսներով, հնաոճ իրերով կամ գորգերով։ Ամեն դեպքում գնացեք Վերնիսաժ, որտեղ կարելի է և պետք է սակարկել։ Ձեզ վստահ պահեք, ցույց տվեք գործարարի ձեր հմտությունը։ Սակայն պետք չէ հագնվել, ասես թագավորական հարսանիքի եք գնում։ Ձեր ոսկյա զարդերը, թանկարժեք պայուսակը և սև աղվեսի մորթին ոչ միայն անակնկալ հոգոցներ կառաջացնեն վաճառողի մոտ, այլև կդրդեն նրան ավելի թանկ վաճառել ապրանքը կամ ավելի քիչ զեղչել»,- նշում է Կրավեցը:

Նրանք, ում չի հաջողվի մասնակցել փառատոնին, կարող են աշնանը «THT» ալիքով դիտել հայաստանյան հատուկ թողարկումները։

2016-ի օգոստոսին Երևանում տեղի ունեցավ Comedy Club-ի առաջին համերգը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում ելույթ ունեցավ Comedy Club-ի առաջատար կազմը` Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Լյուսյոկ Սոռոկինը, Անդրեյ Սկոռոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի մի շարք այլ ռեզիդենտներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---