Հարությունյան. Քոչարյանին ներկայացված մեղադրանքը «ծայրաստիճան մտահոգիչ» է

Հարությունյան. Քոչարյանին ներկայացված մեղադրանքը «ծայրաստիճան մտահոգիչ» է

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը «ծայրաստիճան մտահոգիչ» է համարում։

«Կարծում եմ՝ եթե լուրջ իրավական փաստարկներ լինեին, ապա դրանք պետք է ներկայացված լինեին նաև հաղորդագրության մեջ, ինչը չէր պարունակում իրավական տարրեր։ Օրենքի սխալ մեկնաբանություններ եմ տեսնում, մի պարզ օրինակ՝ խոսում են, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, գոնե ինձ մոտ այն տպավորություն է ստեղծվել, որ նյութի հեղինակները ենթադրում են, թե անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներին է վերաբերվում։ Իրականում դա այդպես չէ՝ բավական է խորանալ իրավունքի մեջ և պարզ կդառնա, որ անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է», - ասել է Հարությունյանը, հայտնում է Armtimes.com-ը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը, որն ընդունվել է 2012-ին, հնարավորություն նախատեսում է ԶՈւ-ի օգտագործում արտակարգ դրության ժամանակ։

Այն հարցին, թե նախկին նախագահին մեղադրանք առաջադրելով խախտվո՞ւմ է արդյոք Սահմանադրությունը և ո՞ր դեպքում կարող է պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվել, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահն ինչպիսի լիազորություններ ունի, նաև թե ինչ գործիքակազմ ունի, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կատարի, արտակարգ դրություն հայտարարելը դա գործիքակազմ է, իսկ ինչի՞ համար է այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը, և հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահը, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո, իսկ այն ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկվել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն՝ Դավիթ Հարությունյանն ասել է, որ, իր կարծիքով, իրավիճակն այնպիսին էր, որ արտակարդ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի։

Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---