Փաստաբան. Խաչատուրովի համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում

Փաստաբան. Խաչատուրովի համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը կքննի ժամը 18-ին, նիստը հետաձգվել է: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանում աշխատող լրագրողներին հայտնել է, որ նիստն ընդմիջվել է մեղադրանքին ծանոթանալու, ինչպես նաև պաշտպանության իրավունքը պաշտպանելու համար:

«Մինչ այս պահը իմ պաշտպանյալին չեն պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը: Իր համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում: Դրանից հետո միայն կկարողանամ հարցերին պատասխանել ու մեկնաբանություն տալ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ հոդվածը, որին հղում է արել ՀՔԾ-ն, ուժի մեջ է մտել 2009-ի մարտին:

«Դիրքորոշում ունեմ, որն այս պահին չեմ ասի, կներկայացնեմ դատարանում»,-ասել է Պողոսյանը:

Փաստաբանն ասել է, որ հուլիսի 27-ին Խաչատուրովի գործով երկու նիստ է տեղի ունեցել, 11:30-ի նիստին իր պաշտպանյալը ներկա չի եղել, քանի որ ծանուցված չի եղել, իսկ ժամը 15-ի նիստին ներկայացել է:

Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է հուլիսի 27-ին:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կայազորի պետն էր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---