Փաշինյան. ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծումը նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական գործակցությանը

Փաշինյան. ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծումը նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական գործակցությանը

PanARMENIAN.Net - ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծումը նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:

ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Նիստի ընթացքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթում հիշեցրել է, որ մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում հաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

«Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները: Կարճ կանդրադառնամ այսօրվա նիստի որոշ հարցերին:

Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵՏՄ-ի համար: Այս համատեքստում խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին: Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Նա նշել է, որ թվային օրակարգի շրջանակներում ՀՀ-ն պլանավորում է 2025-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն:

Վարչապետը նշել է նաև, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:

Անդրադառնալով գազի ընդհանուր շուկայի հեռանկարին՝ Փաշինյանն ասել է, որ դա նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար:

«Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները: Եզրափակելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը»,-ասել է վարչապետը:

Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:

 Ուշագրավ
Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է 102 ձայնով:
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը