Գեներալ-լենտենանտ Ղարամյան. «Հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջքաշումն անթույլատրելի է

Գեներալ-լենտենանտ Ղարամյան. «Հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջքաշումն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - «Հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջքաշումն անթույլատրելի է՝ դրանք արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարություններին։

Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։

«Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները:

Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջքաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել»,-ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, Ղարամյանը կոչ է անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:

«Մենք ուժեղ ենք միասին։ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյան», - ասվում է Ղարամյանի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---