ՊՆ-ում մշակում են զինվորներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

ՊՆ-ում մշակում են զինվորներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպում է անցկացրել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:

Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:

Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Մշակված կարգը մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---