Փաստաբանը դիմել է ՀՔԾ, որ Խաչատուրովին թույլատրեն մեկնել ՌԴ՝ ՀԱՊԿ աշխատանքի

Փաստաբանը դիմել է ՀՔԾ, որ Խաչատուրովին թույլատրեն մեկնել ՌԴ՝ ՀԱՊԿ աշխատանքի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլատրել Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի: Այդ մասին հայտարարել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգիրքը՝ փաստաբանն ասել է, որ մեղադրյալի համար, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, որևէ պարտականություն չի սահմանում։ Այդուհանդերձ, նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը և այն, որ Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով ներկայացել է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար, միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չունենք միջնորդության վերաբերյալ», - ներկայացրել է փաստաբանը։

Պողոսյանը նաև հավելել է, որ Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իր գտնվելու վայրը և պարտավորվել է անհրաժեշտության ու նաև նախապես տեղեկացվելու դեպքում, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Մարտի 1-ի գործով Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---