Մոսկվան ապացուցեց՝ ՀՀ-ին անվտանգություն սնուցող այլ աղբյուրներ են պետք

Մոսկվան ապացուցեց՝ ՀՀ-ին անվտանգություն սնուցող այլ աղբյուրներ են պետք

PanARMENIAN.Net - Մոսկվայի տրամաբանությամբ, ՀԱՊԿ ղեկավարին մինչև նշանակումը գործած հանցանքի կասկածանքով դատելը խաթարում է կառույցի հեղինակությունը, իսկ այ դաշինքի անդամ երկրին զենքից զրկելու շանտաժն ու երկրի թշնամուն զենք ծախելը չի խաթարում։ Խոսքը Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքի ֆոնին «Կոմերսանտում» «պաշտպանական կոնցերններում անոնիմ աղբյուրների» արված, Հայաստանին $100 մլն վարկի շրջանակում զենքը չմատակարարելու ու ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսին փոխանցելու ակնարկների մասին է։

Ռուսական մամուլում «անանուն աղբյուրների» կողմից արվող «սլիվերի» մեխանիզմներին ծանոթ մարդիկ վստահաբար կենթադրեն, որ այդ կալիբրի ԶԼՄ-ներում նմանատիպ ակնարկները ոչ խմբագրության երևակայության, ոչ տարատեսակ «ադրբեջանցի լոբբիստների», ոչ էլ «ազդեցության խմբակների» աշխատանքի արդյունք են, այլ իշխանության կողմից, օրինակ՝ «Ռոստեխի» ու «Ռոսօբորոնէքսպորտի» շուրթերով արված սպառնալիք։ Առիթ չունենք այդ սպառնալիքը լուրջ չընդունելու ու, հետևաբար, դրան չարձագանքելու։

Այս պահին կարևոր չէ՝ ֆորմալ տրամաբանության տեսակետից որքան իդիոտիկ է հնչում սեփական դաշնակցին զենքից զրկելու սպառնալիքը ՀԱՊԿ հեղինակազրկումից դժգոհությունների ֆոնին։ Կարևոր չէ՝ մեղավոր է Խաչատուրովը, թե մատաղի գառից անմեղ։ Անգամ կարևոր չէ այս իրավիճակում Երևանի դրսևորած անփութությունը՝ Խաչատուրովին իրոք կարելի էր հետ կանչել ու նոր մեղադրել։ Կարևոր է միայն մի բան՝ Մոսկվան հատեց մի շատ կարևոր Ռուբիկոն։ Նոմինալ առումով՝ որպես ՀԱՊԿ անդամ ու երկկողմ պայմանագրերով մեր դաշնակիցը համարվող պետությունը սպառնում է վնասել մեր անվտանգությանը։ Այն էլ՝ ոչ թե, ինչպես նախկինում, Ադրբեջանին զենք վաճառելով ու հայերի դժգոհությանը «մեզնից չգնեն՝ ուրիշից կգնեն» կամ «մենք պահպանում ենք ռազմաքաղաքական բալանսը» տիպի սոփեստություններով արձագանքելով, այլ դիմում է շանտաժի՝ դաշնակցին զենք չվաճառելու սպառնալիքով։ Հայաստանը պիտի ձգտի մեղմել սկանդալն ու չհասցնի «ցավոտ» հետևանքների, սակայն միաժամանակ պիտի անի մի պարզ հետևություն․ այդ երկիրը չպիտի լինի մեզ համար տնտեսական, ռազմական, էներգետիկ անվտանգության կամ զենքի մատակարարման միակ աղբյուրը։

Ոչ, ոչ. մենք չպիտի թշնամանանք այդ երկրի հետ, խզենք ինչ-ինչ պայմանագրեր ու մտնենք նրա հակառակորդ դաշինքներ՝ նախ, չենք կարող, երկրորդ՝ հետևանքները չենք մարսի, երրորդ՝ ընկերությունից պտուղները միշտ ավելի շատ են։ Սակայն Հայաստանի ստրատեգիական նպատակը պիտի լինի՝ միջնաժամկետ հեռանկարում, առանց ռուսների հետ «թարսվելու», դառնալ մի երկիր, որի հետ այդօրինակ շանտաժով խոսելու իմաստն ավելի քիչ կլինի։ Որը նման շանտաժի փորձերի դեպքում կպատասխանի Մոսկվային նույն տոնով, որով քանի տարի է՝ պատասխանում են մեզ. «դուք զենք չծախեք՝ կգնենք ուրիշներից», իսկ գնելու դեպքում՝ «մենք դա անում ենք, որպեսզի պահպանենք ռազմաքաղաքական բալանսը»։

Արդեն տևական ժամանակ զարգացնում ենք երկիրը հակառակ տրամաբանությամբ․ թող մարդիկ ՌԴ-ում գործ անեն, փող ուղարկեն, բիզնեսն այնտեղ արտահանի, փող գա, մենք էլ ապրենք։ Այսօրվանից սկսած ՌԴ-ից կախվածության նվազեցման ռազմավարությունը դառնում է առաջնային անհրաժեշտություն։ Այո, սա հնարավոր չէ անել այսօր կամ վաղը, իսկ 100%-ով վերացնել կախվածությունն անհնարին է։ Սակայն դրան պետք է ձգտել այսօրվանից՝ հստակ գիտակցելով, որ մեր ինքնիշխանությունը հարգելու են ոչ թե Փաշինյանի կամ մեր դիվնագիտության կողմից համապատասխան բանավոր ու գրավոր պահանջների պատճառով, այլ մեր տնտեսական ու ռազմական ողնաշարի ամրությունը գնահատելով։

Այդ հարգանքին կարելի է հասնել՝ ուժեղացնելով տնտեսությունն ու այն ռացիոնալ կառավարելով, ինչը կնվազեցնի տնտեսական շանտաժի ռիսկերը։ Մշակելով ՌԴ-ից դուրս ցանկացած ուղղությամբ անգամ $1-ի ապրանք արտահանող գործարարներին խթանելու մեխանիզմներ՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական շուկայից։ Ստեղծելով խթաններ էներգաարդյունավետ ձեռնարկությունների համար՝ նվազեցնելով գազային շանտաժի ռիսկը։ Ռացիոնալ հիմնավորման առկայության դեպքում զենք գնել Իսրայելից, Չինաստանից, Կորեայից կամ այլ երկրներից՝ հնարավորինս անտեսելով ավելի թանկ գինն ու նվազեցնելով կախվածությունը ռուսների քմահաճույքից։ Ու տասնյակ այլ քայլերով, որոնք պիտի մշակվեն համապատասխան մասնագետների կողմից՝ համապատասխան կաբինետներում։

«Какой привет - такой ответ», ինչպես ասում է մեր իմաստուն դաշնակիցը։

Լուսանկարում՝ հայկական բանակի չինական արտադրության WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայանները

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---