Քաշաթաղցիները դատապարտում են զիջողական հայտարարությունները

Քաշաթաղցիները դատապարտում են զիջողական հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Ազատ Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները դատապարտել են զիջողական հայտարարությունները: Ելույթներով հանդես են եկել մի խումբ քաշաթաղցիներ, ովքեր իրենց խոսքում դատապարտել են զիջողական հայտարարությունները: Նրանք խիստ վտանգավոր են որակել պարտվողական տրամադրությունների սերմանումը, պարբերաբար հողեր հանձնելու վերաբերյալ կեցվածքը, որպես խաղաղության հասնելու միակ և ճշմարիտ ճանապարհ ներկայացնելու միտումները:

Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱՀ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները՝ նշելով, որ դեռևս վարչապետության տարիներին հրապարակավ դատապարտել և անընդունելի է համարել Մադրիդյան սկզբունքները:

«Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: Դրան նպաստելու համար Ա. Հարությունյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ աջակցելու Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը՝ շեշտելով, որ տնտեսապես և ժողովրդագրորեն ուժեղ Արցախը պատրաստ է լինելու դիմագրավել ցանկացած մարտահրավերի:

Ըստ աղբյուրի, հանրահավաքի վերջում քաշաթաղցիները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է Արտյուշ Մխիթարյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Մենք՝ ազատագրված տարածքի բնակիչներս, վճռականորեն հայտարարում ենք, որ մենք ենք այս հողի տերերը և միայն մենք իրավունք ունենք որոշելու այս տարածքների հետագա ճակատագիրը: Իսկ այդ որոշումը մեր կողմից կայացվել ու հաստատվել է վաղուց: Տարածքների զիջումը որպես խաղաղության հասնելու միջոց ներկայացնողներին ի պատասխան հայտարարում ենք, որ մենք կանգնած և հպարտ մեռնելը գերադասում ենք չոքած և գլխիկոր ապրելուց: Մեր հերոսների արյունը սակարկման ենթակա չէ, քանի որ այն անգին է ու սուրբ: Վճռականորեն դատապարտում ենք պարտվողականության և զիջողականության ցանկացած փորձ: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ազատագրելու դեռևս գերության մեջ գտնվող մնացած հողերը: Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեր հայտարարությանը և մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ: Մենք առավել քան ամուր ենք կանգնած այս հողի վրա: Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայիս իշխանությունների կից վարվող քաղաքականությանը»:

Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարել էր, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։Հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Արցախում:Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել իր խոսքերի համար, ասելով, որ սխալվել է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---