Ուժեղացված փրկարար ծառայություն՝ Սևանի լողափերում

Ուժեղացված փրկարար ծառայություն՝ Սևանի լողափերում

PanARMENIAN.Net - Փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում: Այդ մասին հայտարարել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը՝ զեկուցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

Խորհրդակցությունը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նահապետյանն, անդրադառնալով նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզ՝ մասնավորապես Սևան կատարած աշխատանքային այցի արդյունքներին, նշել է առկա բացթողումներն ու խնդիրները:

Նահապետյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: Հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք: Անդրադառնալով ծառայության ընթացիկ աշխատանքներին՝ գնդապետ Նահապետյանը նշեց նաև, որ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դաշտային խոհանոց մրցույթում մասնակցություն է ունեցել նաև հայկական թիմը, որը բավական հաջող է հանդես եկել և արժանացել հանդիսատեսի համակրանքին, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը և նշել, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու կառուցվածքային փոփոխություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---