ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հնարավորություն են տալիս առաջընթաց գրանցել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց Եվրոպայի խորհուրդ-Հայաստան սերտ համագործակցության կապակցությամբ, մասնավորապես ԵԽ կողմից իրականցվող համագործակցության գործողությունների աջակցության ծրագրերի շրջանակներում, կարեւորեց հատկապես այս փուլում շահագրգիռ երկխոսությունը Հայաստանում ժողովրդավարության խորացման եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը դրվատեց մասնավորապես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության եւ ԵԽԽՎ համագործակցությունը, որը վերջերս դրսեւորվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ քննարկման ընթացքում: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս կապակցությամբ ընդունված բանաձեւի դրույթները գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում:



Է. Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով: Խմբին հանձնարարված է կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին:



ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի քաղաքական կոալիցիան արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում եւ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: Իրագործվելիք բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանում կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ դրանք արվելու են ոչ միայն այն բանի համար, որ այդպես են թելադրում ԵԽ-ի առջեւ մեր ստանձնած պարտավորությունները կամ կամենում մեր բարեկամները, այլ որ դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է:



Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում այսօր նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Օրենսդրական գործընթացների բարելավման վերաբերյալ մշակած առաջարկությունները աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ազգային ժողովի նախագահին մինչեւ հունիսի 20-ը:



Թե Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, թե այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված վիճակը: Նա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ներկա գործընթացը, հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների վրա, որ նրանք կողմերին ներկայացրել էին Մադրիդի Նախարարական կոնֆերանսի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դա հնարավորություն է տալիս առաջընթաց գրանցել խնդրի կարգավորման ուղղությամբ, եթե կողմերը զերծ մնան քայլերից, որոնք խոչընդոտում են բանակցություններին: Բանակցություններում իրական արդյունքների հասնելու համար նա կարեւորեց փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը:



Է. Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկեր Է. Մամեդյարովի հետ եւ հույս ունի, որ միջնորդների աջակցությամբ, երկխոսությունը կշարունակվի եւ խնդրի լուծման փոխզիջումային ուղին կգտնվի:



ԵԽ-Հայաստան համագործակցության հարցերը քննարկվեցին նաեւ նույն օրը կեսօրին Ագոյի խմբի անդամ-դեսպանների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացման ողջ ընթացքում Հայաստան-ԵԽ սերտ համագործակցության վերաբերյալ, վերահաստատեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման առումով եւ շնորհակալություն հայտնեց ցուցաբերած` մասնավորապես փորձագիտական աջակցության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---