8 մայիսի 2008 - 20:10 AMT
Ղարաբաղի խնդրի եւ Հայաստան-Թուրքիան հարաբերությունների հարցի զուգահեռ կարգավորումը հնարավոր է
«Ֆրանսիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, Ֆրանսիան ավանդորեն բարեկամ է համարում եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, եւ այդ հարցում բացարձակ անաչառ եւ չեզոք դիրքորոշում է գրավում: «Սահմանների բացումը ինչպես Թուրքիայի եւ Հայաստանի, այնպես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զարգացման գործոն կարող է դառնալ: Ամեն դեպքում, ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի իր հարեւանը աղքատ կամ աներջանիկ լինի: Այն, որ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները փակ են, չի խանգարում հազարավոր հայերին աշխատել Թուրքիայում կամ ավիաչվերթներ իրականացնել Հայաստանից այդ երկիր: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները վերջնականապես խափանված չեն»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը: «Հուսով ենք, որ հակամարտության կարգավորմանը զուգահեռ հնարավոր է կարգավորել նաեւ այդ լուրջ խնդիրը, որ գոյություն ունի երկու երկրների միջեւ: Իմ կարծիքով, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում լինի, դա դրական կանդրադառնա նաեւ Թոււրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավումը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա: Այդ երկու հարցերի զուգահեռ կարգավորումը հնարավոր է»,- հավելել է Բերնար Ֆասիեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: