Որ դեպքում ԲԴԽ-ն Քոչարյանի գործը քննող դատավորին կարգապահական պատասխանատվության կենթարկի

Որ դեպքում ԲԴԽ-ն Քոչարյանի գործը քննող դատավորին կարգապահական պատասխանատվության կենթարկի

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում կարտահայտի Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գործով ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ, երբ վարույթ հարուցող մարմինը դիմի Խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ:

Համաձայն Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության, առանց այդ միջնորդության ԲԴԽ-ն իրավասու չէ կոնկրետ դեպքի (դիմումի) առնչությամբ որևէ գործողություն կատարել:

Սահմանադրության համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Խորհրդի անդամները, որոնց համար ևս պարտադիր են դատավորի վարքագծի կանոնները, բոլոր հանգամանքներում պարտավոր են զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց, դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին, ով մեղադրվում է զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգի տապալման մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---