Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի հետախուզվող որդին շուտով կարող է հայտնվել մեր տեսադաշտում

Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի հետախուզվող որդին շուտով կարող է հայտնվել մեր տեսադաշտում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար գործակցում է «Ինտերպոլի» հետ, և նա «հավանաբար շուտով» կհայտնվի իրենց տեսադաշտում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք գործակցում ենք «Ինտերպոլի» հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կասեմ ձեզ, որ, կարծես թե, շուտով մեր տեսադաշտում կհայտնվի», - ասել է Վալերի Օսիպյանը։

Ըստ Օսիպյանի, Նարեկ Սարգսյանը հատել էր ՀՀ սահմանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց «մեկ-երկու օր առաջ»։

Հուլիսի 5-ին Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, նա իր թիկնապահի միջոցով խնդրել էր իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկը տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։

Բացի այդ, ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի մոտ $280,000 արժողությամբ թվով 14 գծանկարը` խոստանալով դրանց դիմաց վճարել $28,000, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։

ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև $115,000, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---