Դատախազի պատասխանը Շարմազանովին. Ընտրովի արդարադատության ակնարկներն անհիմն են

Դատախազի պատասխանը Շարմազանովին. Ընտրովի արդարադատության ակնարկներն անհիմն են

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է իրեն ուղղված՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովի հրապարակային հարցադրումներին՝ ասելով, որ «անտեղի և անհիմն են ընտրովի արդարադատությամբ առաջնորդվելու մասին նրա ակնարկները, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Շարմազանովը նախօրեին հանդես է եկել Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով, որտեղ մասնավորապես մեղադրում էր նրան նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման ընթացքում Ոստկանության երեք ծառայողի սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ:

Շարմազանովը տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, «երբ «մոռանում է «ահաբեկչական խմբի որոշ անդամների՝ դատարանի կողմից ազատ արձակվելու հանգամանքը»:

«Դատախազի կողմից իր հայտարարությունները մոռանալու վերաբերյալ Շարմազանովի ենթատեքստային ակնարկները դիտարկում ենք որպես քաղաքական հռետորաբանության դրսևորում: ԱԺ ամբիոնից արված Գլխավոր դատախազի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահի կողմից հիշատակվող խնդրի վերաբերյալ, եղել են հրապարակային, դրանք առկա են համացանցում՝ հասանելի ցանկացած հետաքրքրվողի: Համոզմունքն առ այն, որ ՊՊԾ զորամասի գրավման և պահման գործողության ընթացքում իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների սպանությունը կատարող անձինք պետք է ենթարկվեն խիստ պատժի, ինչի ապահովումը նաև դատախազության պարտականությունն է, մնում է անխախտ և անփոփոխ: Սակայն դա ոչ մի ուղղակի առնչություն չունի և չի կարող ունենալ ՊՊԾ զորամասի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթացի, առավելևս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հետ», - նշվում է պատասխանի մեջ:

Նշվում է, որ Շարմազանովը միտումնավոր կամ սխալմամբ անտեսում է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել և նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ: Երկրորդ՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ՝ քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով:

«Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի՞ն, ՊՊԾ զորամասը գրավելու մեջ մեղադրվող խմբի անդամների՞ն, թե՞ որևէ այլ անձի: Դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերն ընթերցելու արդյունքում», - ասվում է պատասխանի մեջ:

Ընդգծվում է, որ «գործ ունենք բացարձակապես տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ»:

«ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը: Մինչդեռ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նախնական քննության ամենաակտիվ փուլում, երբ իրականացվում են բազմածավալ քննչական, այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որի պարագայում չափազանց մեծ է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից դատավարության մասնակիցների վրա ներգործելու, քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, ինչը բացառելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված Ռոբետ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը», - նշվում է պատասխանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---