Վարչապետը ծանոթացել է «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին

Վարչապետը ծանոթացել է «Ինժեներական քաղաքի»  կառուցման ծրագրին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաքի» նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը:

«Ինժեներական քաղաքը» ստեղծվում է պետություն-մասնավոր գործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում:

Քաղաքի արածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Վարչապետը շրջայց է կատարել նաև նշված թանգարաններում՝ ծանոթացել այնտեղ ներկայացված ցուցանմուշներին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի և փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---