Վարչապետ. Եկամտահարկը նվազելու է

Վարչապետ. Եկամտահարկը նվազելու է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում:

«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով, փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում:

«Մենք գիտենք, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է և անարդյունավետ: Ես զգում եմ, թե որքան դանդաղաշարժ է մեր պետական համակարգը, որ երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքին, Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են օպտիմալացնել պետական կառավարման համակարգը՝ կրճատելով մի քանի նախարարություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---