ՄԻՊ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի վերաբերյալ

ՄԻՊ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը իր դիրքորոշումն է ներկայացրել ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի վերաբերյալ: Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:

Օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում, հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր հետևյալ դիրքորոշումները.

• երկրում ընթացող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը,

• երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. այն մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է,

անցումային արդարադատության մարմինների հնարավոր ձևավորման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է միջազգային փորձի ու չափանիշների ամբողջական ուսումնասիրություն: Այն կամփոփվի՝ հաշվի առնելով Կառավարության կոնկրետ առաջարկները: Մեկ բան հստակ է. ցանկացած նոր մարմնի գործունեություն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին և հիմնված լինի Սահմանադրության ու օրենքների վրա՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների երաշխավորման բարձր հանձնառություն և գործող մարմինների աշխատանքի արդյունավետությանը նպաստելու առաքելություն,

դատարանների հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցից դուրս որևէ այլ մարմնից կամ անձից։ Դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով,

• պետք է ապահովել իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ զարգացում՝ բացառելով հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից: Մարդու իրավունքների պաշտպանն, առաջնորդվելով ապաքաղաքական ու անկողմնակալ աշխատանքի հիմնարար սկզբունքներով, կշարունակի գործադրել այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր, այդ թվում՝ աջակցելով Կառավարության՝ դրան ուղղված նախաձեռնություններին,

• ցանկացած հարց պետք է քննարկվի և լուծվի համերաշխության ու երկխոսության պայմաններում:

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ընթաքում Փաշինյանն ու Բաբլոյանն արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք, իսկ դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---