Շարմազանովը՝ Վոլսկուն. Բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի որոշումը կազդի ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա

Շարմազանովը՝ Վոլսկուն. Բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի որոշումը կազդի ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ:

Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Վրաստանի կառավարության որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած մտահոգությունը, ըստ որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան, հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վրացի գործընկերոջը փոխանցել է հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի: «Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է հարցը քննարկել վրացի խորհրդարանականների և կառավարության ներկայացուցիչների հետ: Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան և Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի ժամկետներին վերաբերող հարցեր:

Հարցը բարձրացվել է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստում:ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է.«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա։Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն այս հիմքով»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն, իր հերթին անդրադառնալով խնդրին, ասել է, որ Վրաստանի կառավարությունը կարգելի բեռնատարներով ցորենի տեղափոխումը, ինչը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ, բայց Երևանը ստիպված է հարգել այդ որոշումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---